Շոգ է, ամեն ինչին ավելացել է նաև շոգի տոթ ու անձրևոտ դիմադրությունը: Գուցե աջակցությունը: Ով ինչ է սիրում ու չի սիրում: Շոգը մնում է շոգ՝ անկախ ինչպես են իրեն ընկալում: Ինչպես՝ ճշմարտությունը: Ինչպես՝ լռությունը: Ինչպես՝ ամեն ինչը:
Իրադարձությունների պակաս չկա, բայց ոչինչ չի կատարվում: Գալիս են-գնում են, ասում-խոսում են, բայց ոչինչ չի կատարվում: Բայց հետևանքներ լինում են:
Որևէ մեկը հստակ հասկացա՞վ, թե Լավրովի գալ-գնալուց ինչ մնաց: ՌԴ ԱԳ նախարարն իր «շանթարգելին» էր բերել հետը՝ Զախարովան կրակը վերցրեց իր վրա, հերքեց, մեղադրեց, ուսուցանեց, ուղղորդեց ու թռվռալով գնաց: Պատմությունը լռում է՝ հանդիպե՞ց նա Նժդեհի արձանին, որ Մոսկվայից նացիզմի ու նեոնացիզմի խորհրդանիշ էր որակում, իսկ տեղում ասաց՝ ձեր գործն է՝ ում արձանը կդնեք, ում արձանը չեք դնի, ավելի կարևոր գործեր ունեք՝ գործ արեք: Լավրովին ասելիք չմնաց: Համենայն դեպս, mid.ru կայքում ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասին հպանցիկ տեղեկատվություն է. «Միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ տեղի ունեցավ տեսակետների արդյունավետ և շահագրգիռ փոխանակում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տրամագծում իրավիճակի զարգացման լույսի ներքո: Հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին քաղաքական համակարգման միջոցառումների ամրապնդմանը, նաև՝ Մերձավոր Արևելքից ու Աֆղանստանից բխող մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելուն: ԱԳ նախարարները հավանություն տվեցին մինչև 2025-ը ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ռազմավարության հայեցակարգի նախագծին, կոլեկտիվ հրահանգներ՝ միջազգային կառույցներում ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին, ՀԱՊԿ անդամների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագրին արտաքին քաղաքական, անվտանգության և պաշտպանության հարցերով 2016-ի երկրորդ- 2017-ի առաջին կիսամյակում, 2016-ի համատեղ հայտարարությունների թեմաների ցանկին, որոնցով նախատեսվում է հանդես գալ միջազգային տարբեր հարթակներում: Հայտարարություն ընդունվեց Սիրիայի իրավիճակի մասին, որում նախարարները հանդես եկան ներքին զինված կոնֆլիկտի շուտափույթ դադարեցման օգտին և աջակցություն հայտնեցին Սիրիայի աջակցության միջազգային խմբի գործունեությանը՝ ի նպաստ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման, նաև հայտարարություն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ՝ աջակցելով խաղաղ գործընթացին»:
Ձեզնից քանի՞սը կշարունակեն մեղադրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որ նրա գլխավորությամբ ՀՀ ԱԳՆ-ն վերածվել է ՌԴ ԱԳՆ-ի մասնաճյուղի, երբ միջազգային կառույցներում մշտական ներկայացուցիչների հայտարարությունների թեմաներն են համատեղ հաստատվում (վստահ եղեք, նաև՝ տեքստերը), և դա օրինական է ու իրավական՝ գործող փաստաթղթերով: Կամ քանի՞սը քար կգցեն ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի վրա, որ չի ստորագրել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի Հռչակագիրը, որը չի ստորագրել ՌԴ-ն: Արտաշես Գեղամյանն իրեն չի զգացել անկախ Հայաստանի պատվիրակ, զգացել է ՀԱՊԿ-ի ներկայացուցիչ: Ամեն ինչ իրավական է: Հակասությունը անձանց ինքնուրույնության՝ ազգադավության ու ռուսամետության միջև ընտրությունը չէ՝ հակասությունը համակարգում է, որը սահմանափակել է պետական ինքնիշխանությունը և հանձնել կառույցի համատեղ որոշումներին՝ ելակետ ընդունելով, որ համատեղ որոշումները բխելու են բոլորի շահերից: Իսկ եթե չե՞ն բխում: ԱԳ նախարարները հավանություն են տվել ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ռազմավարության հայեցակարգի նախագծին մինչև 2025-ը, որը ՆԱՏՕ-ն հայտարարելու է ՀԱՊԿ-ի թշնամի՝ ելնելով ՆԱՏՕ-ի ընդարձակման փաստից:
Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց մեղադրում են ագրեսիվ պահվածքի և հարձակման նախապատրաստվելու մեջ ու ձեռնարկում են պաշտպանական-կանխարգելիչ քայլեր՝ այդպես է կոչվում սպառազինության նոր մրցավազքը: Հայաստանը, իբրև ՀԱՊԿ անդամ, ներքաշվում է մի գործընթացում, որ հակասում է իր ազգային շահերին, ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը, որ ունի նաև ազգային անվտանգության կարողությունների ամրապնդման բաղադրիչ: Անիմաստ է Հայաստանը Մեծ Բրիտանիայի տեղը դնել և ակնկալել, որ, ինչպես Լոնդոնը, Երևանը քայլեր կձեռնարկի դուրս գալու մի կառույցից, որին անդամակցությունը սկսում է հակասել իր պետական ու ազգային շահերին: Հայեկզիտ՝ Բրեկզիտի պես, չի լինի, ու ի՞նչ կլինի: Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողովը հաստատեց ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունները ուժերի հավասարակշռության և երկխոսության շրջանակներում պահել, նաև՝ Վրաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման նոր մակարդակը, հուլիսի 1-ից Վրաստանը ԵՄ ասոցացված անդամ է, և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը կարող են Վրաստանի տարածքում միավորվել: Հիշեցնեմ՝ ԱԺ-ն վավերացրեց ՌԴ-ի հետ ՀՕՊ համատեղ համակարգի համաձայնագիրը: Այս տրամաբանությամբ ոչ միայն երկինքը, մի օր էլ ցամաքը միավորելու պահանջ կհնչի Կրեմլից, և ՀՀ ՊՆ նախկին ու ներկա նախարարները անհապաղ ձեռնամուխ կլինեն պահանջի կենսականության հիմնավորմանը, ԱԺ-ն համաձայնագիրն արտահերթ նստաշրջանով կվավերացնի 7 օրում: Արտաքին քաղաքական հարցերում այս խորհրդարանը իշխանության հետ ամբողջությամբ համաձայն է՝ իր գերակշիռ մեծամասնության մեջ: ԱԺ ընտրություններից երկու նստաշրջան առաջ ժամանակն է գնահատելու գործող խորհրդարանի վարած քաղաքականությունը՝ ներքին ու արտաքին հարցերում:
Նրանք արժանի եղան իրենց պատկերացրած երկրին՝ կազմելով մեկ ամբողջություն՝ իբրև իշխանություն և ոչիշխանություն, և տեղ չթողնելով իրենց ընտրողին: Գուցե հենց դա չընտրվածության ապացույցն է ժամանակի մեջ: Սահմանադրորեն երկրորդը լինելով իշխանական հիերարխիայում՝ ԱԺ-ն իրականության մեջ նույնիսկ երրորդը չէ նախագահից ու կառավարությունից հետո, կարևորության առումով դիրքերը զիջելով ուժային նախարարություններին ու գործելով իբրև մեկ կուսակցության կամքի իրականացման միջոց: Հինգերորդ գումարման ԱԺ-ն ինքնաբերաբար ընդունեց պատմական որոշումներ ու օրենքներ, վավերացրեց համաձայնագրեր, որոնց պատասխանատվությունը պատրաստ չէր ու պատրաստ չէ գիտակցել: Նախընտրական շրջանում բոլորն անխտիր հայրենասեր, ազգասեր ու հայասեր են, ընտրությունից հետո դառնում են բացառապես պրագմատիկ, իշխանասեր ու ռուսասեր: 2012-ին նրանք դեռ պատգամավորներ էին մի երկրի, որ բանակցում էր եվրաասոցացման համար, հետո ականատես դարձան 180 աստիճանով քաղաքական շրջադարձի, և որևէ մեկը մանդատը վայր չդրեց՝ ի նշան բողոքի, խմբովին համակվեցին պահի կարևորությամբ ու շարունակեցին պատգամավորել. ոմանք ընդամենը պարբերաբար իրենց անհամաձայնությունն էին հիշեցնում այս ու այն հարցի, համաձայնագրի քննարկման ժամանակ: Նույն՝ պահի կարևորության գիտակցությամբ՝ նրանք դարձան ԵԱՏՄ անդամ երկրի պատգամավորներ, 2015-ին ընդունեցին նոր Սահմանադրության նախագիծը, հետո՝ նոր Ընտրական օրենսգիրք՝ կոնսենսուսով ու ինքնահերոսացումով: Ձեռքի հետ էլ՝ Հարկային օրենսգիրք, որ իրենք էլ քննադատեցին: Հընթացս ոչիշխանությունից ընդդիմություն դարձրին ԲՀԿ-ին, ընդդիմությունից՝ իշխանություն ՀՅԴ-ին, ՕԵԿ-ից ստացան «Հայկական վերածնունդ», «Ժառանգությանը» ճանապարհին «կորցրին», մասամբ՝ նաև ՀԱԿ-ին: Ես դժվարանում եմ ստույգ հաշվել՝ քանի՞ նոր կուսակցություն ի հայտ եկավ խորհրդարանում՝ գործողների հաշվին: Հիմա իրենք էլ դժվարանում են հիշել իրենց խիստ սկզբունքային 12 պահանջները, որոնց հետևանքը, այնուհանդերձ, հանգեցրեց վարչապետի փոփոխության՝ ոչիշխանությունը բարեհաջող գործադիր իշխանությունը հանձնեց Հովիկ Աբրահամյանին ու գործը համարեց ավարտած: Գալուստ Սահակյանը, որ կեսօրին ասել էր՝ ՀՀԿ-ն վարչապետի փոփոխության հարց չի քննարկել, երեկոյան չզարմացավ Տիգրան Սարգսյանի հրաժարականից, գուցե ուրախացավ՝ հաջորդ քայլով ընտրվելով ԱԺ նախագահ:
Զարմացավ, բայց ոչ ավելին՝ Տիգրան Սարգսյանը, որ մեկնեց ԱՄՆ՝ իբրև ՀՀ դեսպան, նույնքան սրընթաց վերադարձավ ԵԱՏՄ-ում պաշտոնավարելու: Որևէ մեկին որևէ մեկի կյանքի զիգզագները այլևս չեն զարմացնում: Գագիկ Ծառուկյանի «հաջորդ դասի» զանգը այդպես էլ չհնչեց, ԲՀԿ-ի նախագահությունը թողնելով Նաիրա Զոհրաբյանին, նա մնաց ոչ միայն պատգամավոր, այլև ԲՀԿ անդամ: ԲՀԿ-ից հեռացավ ու նոր կուսակցություն բացեց Վարդան Օսկանյանը՝ համագումարում հայտարարելով, որ քաղաքական առանցք է դառնալու, ու թեպետ գնաց ԱՄՆ, բայց հայտարարությունները կմնան հայտարարություն, և Վարդան Օսկանյանը կհամագործակցի իշխանության հետ՝ իբրև կառավարելի ու կառուցողական ընդդիմություն. Ռոբերտ Քոչարյանը հետաձգում է վերադարձը, Սերժ Սարգսյանը մնում է: Անգամ քառօրյա պատերազմից հետո ԱԺ-ն շարունակեց նույն ընթացքով ու ոգով՝ հնչեցին խրոխտ հայրենասիրական ելույթներ, եղան մի քանի փակ հանդիպումներ, շարունակեցին վարկային համաձայնագրեր վավերացնել՝ փառաբանելով իրենց զոնալ հայրենասիրությունը, տեղ-տեղ նեղվելով վարկային բեռից, բյուջեի քչությունից, ու միայն այդքանը: Կոլեկտիվ պատասխանատվությունը ենթադրում է անհատական անպատասխանատվություն: 2016-ին ԱԺ-ն դեռ կհասցնի աղմկահարույց այլ օրենքներ ու համաձայնագրեր ընդունել՝ այդպիսին է կառավարության կամքը և պատգամավորական ճակատագիրը: 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո այսօրվա պատգամավորների մի մասը կհեռանա, դա արդեն հայտնի է, նրանք կվերարտադրվեն իշխանության այլ օղակներում կամ ժառանգների տեսքով: Որակյալ փոփոխություն ԱԺ-ում չի լինի:
Գելափի հայաստանյան «դուստր ձեռնարկությունը» սոցհարցում է արել՝ ո՞ւմ կընտրեիք, եթե առաջիկա կիրակի ԱԺ ընտրություն լիներ: 32 %-ը չի պատասխանել կամ դժվարացել է պատասխանել, 41 %-ն ասել է, թե չի քվեարկի ոչ մի կուսակցության օգտին: «Առաջիկա կիրակին» ՕԵԿ-ին 0,2 % կտար, ՔՊ-ին՝ 0,9, «Նոր Հայաստանին»՝ 0,6, «Համախմբումին»՝ 0,2, ՀՀԿ-ին՝ 9, «Հայկական վերածննդին»՝ 0,3, ՀԺԿ-ին՝ 0,1, ՀՅԴ-ին՝ 3,2, ՀԱԿ-ին՝ 2,2, «Լուսավոր Հայաստանին»՝ 0,4, «Ժառանգությանը»՝ 1,1, ԲՀԿ-ին՝ 8,3, «Ալյանսին»՝ 0,1, «Ազատ-դեմոկրատներին»՝ 0,2: Ճիշտ պահին 32+41 %-ը կկողմնորոշվեն կամ քաղաքացիական ինքնագիտակցության կգան և 73 %-ը «ճիշտ» քվեարկություն կանեն, այսինքն, լյուֆտը 27 %-ն է, որ ժողովրդավարական ընտրություններում կստանան զանազան կուսակցություններ: 2017-ի գարնանը մենք կստանանք վեցերորդ գումարման ԱԺ, որ այս ընթացքով չի տարբերվի նախորդից ո՛չ լեգիտիմությամբ, ո՛չ վստահելիությամբ, ո՛չ քաղաքական ազդեցությամբ, ո՛չ էլ, առավել ևս, իբրև պետական կառավարման անկախ մարմին: Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման, բայց դեյուրեն ու դեֆակտոն հասկացություններ են, որ խորհրդարանի պարագայում չեն համատեղվում: Այս ընթացքով՝ կարևոր չէ՝ որ կուսակցությունները կդառնան խորհրդարանական, որոնք արտախորհրդարանական կդառնան կամ կմնան: Միևնույն է՝ խորհրդարանը, հակառակ սահմանադրական փոփոխություններին, մնալու է կցորդ՝ այս անգամ ոչ թե ՀՀ նախագահի, այլ ՀՀԿ-ի ու նրանց, ովքեր բախտ կունենան կոալիցվելու ՀՀԿ-ին, որ արդեն 9 % ունի՝ սոցհարցումով: Ամենաբարձրը:
Ահա այսպիսի մեռյալ սեզոն, երբ ոչինչ չի կատարվում, ու ամեն ինչ գլորվում է իր հունով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ Ղարաբա՞ղը: «Մեծն» Մարիա Զախարովան հորդորել է լռել: Բայց առանձնապես չեն լռում, բոլորը բոլորի հետ հեռախոսում են: «Իզվեստիան» գրում է, թե ռուսական կարգավորման պլանը ենթադրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանը: Հենց այնպե՞ս: Ոչ: Ալիևի հետ սուբստանցիոնալ բանակցություններով, թեման գիտեք՝ հանձնեք տարածքներն ու ստացեք դրախտի բանալիները: Այս դեպքում դրախտի ու դժոխքի միջև ոչ մի տարբերություն չկա: